Այս շաբաթ "X Factor 4" նախագծից հեռացավ Յուրին

Այս շաբաթ

Հայաստանյան «X FACTOR 4» նախագծի 5-րդ գալա համերգի քվեարկության արդյունքում նախագիծը լքեց Յուրի Ադամյանը: Անդրեի եռյակի ամբողջականությունը խախտվեց, իսկ տասնիննամյա Յուրին հանրության որոշումն ընդունեց հպարտությամբ ու իր երաժշտական ապագայի հետ կապված մեծ պլաններով: 


Յուրի Ադամյան .«Անկեղծ ասած՝ փորձերի ժամանակ էլ մի տեսակ զգում էի, որ հենց  այս փուլից պիտի լքեմ նախագիծը: Բայց ինձ համար սա նորմալ է. նախագծում մնացած բոլոր մասնակիցներն էլ հզոր են: Ես չեմ կոտրվում, սա ինձ համար հաղթանակ է, և սրանով իմ կարիերան չի ավարտվում»: 

Նախորդ համերգի քվերարկության արդյունքները միշտ հայտարարվում են հաջորդ համերգի սկզբում, և 6-րդ գալա համերգին փաստորեն Յուրիի կատարումն արդեն մրցույթից դուրս էր: Երգեց իրեն ամենահարազատ ու իր ամենասիրելի երգը:Այս համերգին նա սպասում էր դեռ նախագծի սկզբից։ 

Յուրի Ադամյան.«Ես դեռ 5-րդ գալա համերգի ժամանակ ասում էի՝ ինչ ուզում է լինի, այս մի գալան էլ անցնեմ, «Արցախն» էլ երգեմ ու թե դուրս մնամ՝դուրս մնամ։ Ու այդպես էլ եղավ. «Արցախը» երգեցի, շատ լավ երգեցի ու հուզիչ, ես ինքս էլ հուզվեցի»:

Հուզմունքի հիմքում միայն նախագծից դուրս մնալը,սիրելի երգի կատարումն ու տան կարոտը չէր: Յուրին եկել էր այս նախագիծ մի քիչ թերահավատությամբ, մի քիչ վախով, բայց սպասումներն արդարացել ու գերազանցվել էին:Եվ համերգից համերգ մեծացող ինքնավստահությունը նրան թույլ չէր տալիս ընկճվել անգամ մարդկանց բացասական արձագանքներից:

Յուրի Ադամյան. «Ես չէի պատկերացնում սկզբից, որ այս նախագիծն արդար է, ու ես կարողանալու եմ ինչ-որ բանի հասնել։ Ինձ թվում էր՝ գալու եմ, մի ելույթ ունենամ, այնքան, որ հեռուստացույցով ինձ տեսնեն, ու վերջ։ Այո, ժողովուրդը վատ բաներ էլ էր գրում իմ մասին: Ասում էին՝ քեզնից հզոր մասնակիցներ են դուրս գալիս, դու մնում ես նախագծում։ Ամեն մարդ ունի իր յուրահատկություններն այս կյանքում ու բեմում։ Մյուս մասնակիցները հզոր ձայն ունեն, ես էլ իմ հզորությունն ունեմ. ես գիտեմ, որ ես բեմում այսքան ժամանակ անկեղծ եմ եղել, ես չեմ փորձել հատուկ ինչ-որ բան անել, որ բոլորին դուր գամ։ Ես եղել եմ այնպիսին, ինչպիսին, որ կամ»։

Յուրին հասցրեց եզրափակիչ փուլում 6 գալա համերգի մասնակցել։ Մի համարում պարեց, մյուսում՝ ռեփ կարդաց, երրորդում փոքրիկ իշխանի` 1,5 մետրանոց մոլորակի վրա կանգնած՝ կատարեց ամբողջ համարը։ Եվ այս ամենը տղաների խմբի ղեկավար Անդրեի նախաձեռնությամբ, աջակցությամբ ու խիստ պահանջկոտության ներքո։

Յուրի Ադամյան.«Այնքան շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ Անդրեին, ամեն ինչի համար... Ուրախ եմ, որ ճանաչել եմ ոչ միայն մասնակիցներին, այլև Շանթի անձնակազմին։ Ուրախ եմ, որ այս նախագծում եղել եմ, այս բեմում երգել եմ։ Մեծ  պատիվ էր ինձ համար այս բեմում Արցախը ներկայացնելը։ Ես հպարտ եմ, որ մինչև հիմա միակ արցախցին եմ, որ այս նախագծում հասել է եզրափակիչ փուլ: Ինձ համար դա հաղթանակ է։ Եվ նաև հաղթանակ է, որ ես արդեն ունեմ երկրպագուհիների մի մեծ բանակ։ Նրանց շատ-շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ ես այսպիսի տաղանդներ ունեմ»։

Մի քանի ամիս առաջ ծնողներին առանց ասելու՝ Յուրին թաքուն հավաքել էր իրերն ու եկել Երևան։ Հետո միայն իմացան, որ «X Factor 4»-ի առաջին փուլն արդեն անցել է ու պիտի մնա Երևանում։ Կյանքը հիմնովին փոխվել է, արդեն հստակ գիտի՝ ինչ է ուզում և ուր է գնալու։

Յուրի Ադամյան.«Երևան եկա հենց նախագծի համար ու երբ անցա մի քանի փուլ, հասկացա, որ ինչ-որ բան ես կարող եմ անել։ Հիմա, երբ նախագծից դուրս եմ եկել, մտքիս մի բան եմ դրել. այն, ինչ չհասցրի նախագծում անել, պիտի անեմ նախագծից դուրս։ Ես ուզում եմ հայկական շոուբիզնես մտնել մի անպիսի կերպարով, որ բոլորից տարբերվեմ։ Ու բոլորը զգալու են Արցախի շունչը իմ հեղինակային երգերի մեջ։ 
Մնալու եմ Հայաստանում։ Նաև Հայաստանից դուրս եմ գնալու։ Ունենալու եմ լիքը համերգներ, ու բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում, սկսելու են սիրել»։

Հայաստանյան «X Factor»-ի 4-րդ եթերաշրջանը շատ շուտով կավարտվի։ Մնաց միայն 5 մասնակից։ Որոշիչ կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի քվեն։ Մասնակիցներին սիրենք ու աջակցենք ոչ միայն նամակներով և մեկնաբանություններով, այլև մեր քվեներով։ Եվս մի քանի շաբաթ և նրանցից մեկը հաղթող կդառնա, մյուսները՝ ֆինալիստներ։ Եվ հենց այդտեղ ամեն ինչ կսկսվի…

Սոնա Ղուկասյան