ՊՐԵՄԻԵՐԱ 3

ՊՐԵՄԻԵՐԱ 3

3-ՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Ի՞նչ փոփոխություններ են եղել «Պրեմիերա 3»-ում. մասնակիցները հայտնի են (ֆոտո)

Ի՞նչ փոփոխություններ են եղել «Պրեմիերա 3»-ում. մասնակիցները հայտնի են (ֆոտո)

«Շանթ» հեռուստաընկերության եթերում մարտի 6-ից կլինեն «Պրեմիերա 3» երաժշտական նախագծի լսումներից էպիզոդներ: Նախագծի ռեժիսոր եւ պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ի տարբերություն առաջին եւ երկրորդ եթերաշրջանների՝ «Պրեմիերա 3»-ի շրջանակներում կլինեն մի քանի էական փոփոխություններ: Առաջինն այն է, որ եթերաշրջանում կլինի լսումների փուլ. «Եթե մինչ այդ ժյուրին լավագույն 6 երգերը ընտրում էր ձայնագրություններ լսելով, ապա այժմ հեղինակները կգան եւ ժյուրիի առջեւ ելույթ կունենան, իսկ ժյուրին կասի՝ այո կամ ոչ: Այս եթերաշրջանի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ եթե նախկինում նախագիծն ընդունում էր միայն էստրադային, փոփ ժանրի երգեր, ապա այժմ նաեւ` ժողովրդական երգեր: 6 երգիչների թվում էլ կլինեն երեք էստրադային, երեք ժողովրդական ժանրի ներկայացուցիչներ»,-տեղեկացրեց Ա. Թադեւոսյանը: Ինչպես հայտնի է՝ «Պրեմիերա»-ն ոչ թե երգիչների, այլ երգի մրցույթ է, ուստի 6 մասնակիցներն արդեն ընտրված են` «Իքս-ֆակտոր 3» նախագծի ֆինալիստներ Ժաննա Դավթյանը եւ Հայկ Հունանյանը, երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը, «Հայ սուպեր-սթար 2» նախագծի ֆինալիստ Նարե Գեւորգյանը, «Ժողովրդական երգիչ 2» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանը եւ նույն նախագծի ֆինալիստ Եվա Թաշչյանը: Մնում է միայն մասնակիցների համար առաջին լսումներից հետո առանձնացված շուրջ 150 երգից ընտրել վեց լավագույնը: Նշենք, որ ժյուրիի կազմում փոփոխություն է գրանցվել. Անդրեին կփոխարինի Գարիկ Պապոյանը, ով հանդես կգա նաեւ որպես պրոդյուսեր: Ժյուրիի կազմը համալրում են նաեւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը եւ երգահան Գիսանե Պալյանը: Իսկ հաղորդավարը Գրիշա Աղախանյանն է: Նախագիծը եթերում կլինի մոտ երկու ամիս: Ա. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ նախագիծը երկու հիմնական նպատակ ունի. «Մենք ունենք բազմաթիվ երաժշտական նախագծեր, յուրաքանչյուր տարի այդ ծրագրերից շատ տաղանդավոր դեմքեր են ի հայտ գալիս, իսկ հետագայում, երբ նախագծերն ավարտվում են, նրանցից քչերն են շարունակում ճանապարհը կամ դառնում հայտնի: Նրանք չեն կարողանում սեփական երգացանկ ձեւավորել, ճիշտ պրոդյուսերների հետ աշխատել, ուստի «Պրեմիերա»-ն այդ երգիչներին երկրորդ քայլն անելու հնարավորություն է տալիս: Իսկ մեր մյուս նպատակը տաղանդավոր հեղինակ-ստեղծագործողների բացահայտելն է: Նախագիծը երգահաններին, որոնք, հնարավոր է, չունեն բարձրագույն կրթություն եւ նստած են տանը, տալիս է ճանաչվելու եւ ասպարեզում հայտնվելու հնարավորություն»,-բացատրեց ռեժիսորը: Նշենք, որ «Պրեմիերա»-ն միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական երաժշտական ձեւաչափն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/495285/