Դիտումների քանակը 860
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսեր: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ "Ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի, իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք, անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության: Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ",-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել hախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում, այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































